ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՅԱՅՏՆԵՑԱՎ, ՄԵԶ ԵՎ ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ

Հունվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը: Ժամանակի հավերժության մեջ անցնում են տարիներ, դարեր, հազարամյակներ ... Մարդկային պատմության փոքր ու մեծ իրադարձությունները հաջորդում են իրար և այդ ամենի վրա տիրաբար շողում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան լույսը` որպես սիրո, արդարության և խաղաղության հավերժական ճառագայթում, հոգևոր իմաստ ու բարոյական նպատակ հաղորդելով մարդու կյանքին:
Հիսուսի ծնունդով աշխարհի պատմությունը երկու մասի բաժանվեց. Քրիստոսից առաջ և Քրիստոսից հետո: Այսօր էլ ահա վերստին կանգնած ենք Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան մեծ խորհրդի առջև:
Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում մի մանուկ ծնվեց: Նա ծնվեց գոմում և դրվեց անշուք մսուրի մեջ: Մարդկության պատմության մեջ շատ ու շատ այլ մանուկներ էլ են ծնվել: Ծնվել են հոյակերտ պալատներում ու դղյակներում` շքեղության մեջ, շրջապատվել են փառքով ու պատվով: Բայց միայն Հիսուս մանկան ծնունդն է տոնում համայն քրիստոնյա աշխարհը: Գիտնականները փորձել են լուսաբանել Հիսուսի ծննդյան մանրամասները ժամանակակից գիտության տեսանկյունից, սակայն Սուրբ Ծնունդը դարձյալ մնացել է անմեկնելի և անքննելի, չքնաղ մի խորհուրդ: «Խորհուրդ մեծ և սքանչելի» ինչպես երգել են մեր շարականագիր հայրերը:
Հին աշխարհի մարդը տառապում էր հոգևոր սնանկության և մեղքերի կապանքների մեջ: Մարդը գիտակցում էր իր անկարողությունը` ինքն իրեն ղեկավարելու, ինքն իրեն փրկելու: Մարդկային հոգին չէր բավարարվում նյութականով և նյութականից վեր` հոգևոր սնունդ էր պահանջում: Մարդկությունը երազում էր արդարություն և խաղաղություն բերող Փրկչի գալուստը: Հիսուս եկավ մարդու հոգևոր քաղցը հագեցնելու: Հիսուս եկավ արձակելու մարդուն բոլոր նախապաշարումներից, բոլոր մոլորություններից ու կապանքներից: Հիսուսով ազատ մարդը դարձավ Աստծու որդի և երկնքի արքայության ժառանգորդը:
Քրիստոսի ծննդյան ոգեկոչումը խաղաղության և մարդկային եղբայրության տոնախմբումն է, քանզի այս Սուրբ Ծնունդով մարդիկ կոչված են համերաշխ ապրելու իբրև հարազատ եղբայրներ, իբրև միևնույն երկնավոր Հոր որդիներ:
Ամեն Սուրբ Ծննդյան ավետիս հոգեկան վերածնունդ է յուրաքանչյուր քրիստոնյայի համար: Ամեն Սուրբ Ծննդյան ավետիս հզոր վահան է և հաղթության զենք չարիքի ու մեղքի դեմ, գերագույն գրավականը գալիք Հարության:
Շնորհավոր Ամանոր

|
Թե աշխարհում փակ դռներ կան,
թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ
թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ`
մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին`
հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր,
թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն,
հրաշք ապրեն այս գիշեր:
Թե կան սրտեր` չար նախանձով,
դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով
խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան,
դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն
իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք,
թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով
բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան,
թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ
ողջագուրվեն այս գիշեր:
|


